• Սմբատաբերդ

    5 5Reviews

    Սմբատաբերդ

    Սմբատաբերդը (Սմբատավան) գտնվում է Արտաբույնք գյուղից (նախկինում` Եղեգիս) դեպի հարավ-արևելք, լեռան գագաթին։ Այստեղից բացվում է նաև Եղեգիս գյուղի (նախկինում` Ալայազ) համայնապատկերը։ Բերդը արևելյան, արևմտյան և հարավային կողմերից պաշտպանված է ձորի բնական քարափներով, որոնք կրկնակի ամրացված են արհեստական բարձր ու լայն, բրգավոր պարիսպներով։ Ամրոցը մատչելի է միայն հյուսիսային կողմից։

    Պատմությունը

    Ամրոցի պարիսպների շարվածքը /պատի հաստությունը 2-3 մ/ և կրաշաղախով արված սեպաձև մշակված բազալտի մեծ քարերը թույլ են տալիս ներկա կառույցը թվագրել 10-11-րդ դարերով։ Չի բացառվում, որ այն կառուցվել է Սմբատ Բ Տիեզերակալ Բագրատունու օրոք, երբ Հայաստանում մեծ վերելք ապրեց ամրաշինական-պաշտպանական համակարգերի շինարարությունը։ Ուսումնասիրողներից շատերը չեն բացառում, որ Սմբատաբերդը հին հույն աշխարհագրագետ Ստրաբոնի «Ատրոպատենե» աշխատության մեջ նշված Symbace-ն է, որն առժամանակ Ատրոպատենեի /այսպես է անվանվել Ատրպատական երկիրը հունա-հռոմեական աղբյուրներում/ կազմում էր, երբ Հայաստանը հռոմեացիների տիրապետության տակ էր։

    Սմբատաբերդը Վայոց ձորի և ընդհանրապես Սյունիքի հին և խոշոր ամրոցներից է. հավանական է, որ այն գոյություն է ունեցել անգամ 5-րդ դարից էլ շուտ։ Սյունյաց գահերեց իշխանների շառավիղներից Վասակյանները Եղեգիսը դարձնելով իրենց վարչաքաղաքական կենտրոնը` հավանաբար Սմբատաբերդը դարձրել են իրենց ռազմական հենակետը։ Իսկ Օրբելյանների տիրապետության ժամանակ Սմբատաբերդը ավելի է ամրացվել։ Ստույգ հայտնի չէ այս ամրոցի իսկական անունը. ժողովուրդը ավանդաբար Սմբատաբերդ է կոչում, թերևս այն պատճառով, որ նրան մոտիկ Եղեգիս գյուղաքաղաքում թաղված է Օրբելյան թագակիր ասպետներց մեկը` Սմբատ թագավորը` ով, հնարավոր է, վերակառուցել է բերդը։ Առավել հավանական վարկածն այն է, որ ամրոցն իր անունը ստացել է 10-րդ դարում ապրած Սյունյաց Սմբատ իշխանի անունից։
    Ստեփանոս Օրբելյանն իր «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատության մեջ գրում է`
    «Երբ 922թ.-ին Ատրպատականի Յուսուֆ ամիրայի հրամանով նրա զորավար Նըսրը արշավում էր Սյունիք, գահերեց իշխան Սմբատը Եղեգիսում կազմակերպում է դիմադրություն։ Թշնամին տեսնելով, որ չի կարողանում կոտրել պաշտպաններին, նահանջում է։
    Իսկ իմաստագույն Սմբատը իր սեփական գավառում, Վայոց ձորում, հանգիստ ու խաղաղ նստած էր։ Լսելով նրա գալու լուրը` ամրացրեց իր տունն ու Վայոց ձորի ամբողջ ամուր գավառը։ Ինքն էլ զորքերը դուրս բերելով սպայակույտ զորքի մեծ ամբոխով իրեն շրջապատեց արքունական ապարանքում, որը գտնվում էր Եղեգիք գյուղաքաղաքում»։


    • Սմբատաբերդ
    • Սմբատաբերդ
    • Սմբատաբերդ
    • Սմբատաբերդ
    • Սմբատաբերդ
    • Սմբատաբերդ
    • Սմբատաբերդ
    • Սմբատաբերդ
    • Սմբատաբերդ

    Իմանալ տուրի արժեքը